Ի՞նչ է հիպոթերմիան
Այս թեմաներով երկու նյութերը ստացվեցին սովորականից երկար, քանի որ հարկ ենք համարում մանրամասն և հիմնավոր խոսել խնդիրների մասին և ճիշտ խորհուրդներ տալ: Սակայն, եթե դուք չեք ցանկանում այդքանը կարդալ և ցանկանում եք հեռու մնալ հիպոթերմիա կոչվող երևույթից, ապա մի քանի արագ խորհուրդ.
- Տաք հագնվե՛ք։
- Շատ տաք թեյ խմե՛ք։
- Լավ սնվե՛ք։
- Ձմռանը տնից դուրս մի՛ եկեք։
Իսկ հետաքրքրասերների համար շարունակում ենք:
Ցրտահարությունն ու մարմնի գերսառեցումը՝ հիպոթերմիան, ամենամեծ վտանգներից են ակտիվ տուրիզմով և սպորտով զբաղվողների համար: Երկուսն էլ առաջանում են ցրտի հետ երկար ժամանակ առնչվելուց, սակայն դրանց միջև կա որոշակի տարբերություն՝ չնայած 98% դեպքերում դրանք զուգորդում են միմյանց:
Խառնաշփոթից խուսափելու համար առանձին-աձանձին հասկանանք այս երկու երևույթները՝ իրենցից բխող հետևանքներով: Այնուհետև կհասկանանք՝ ինչպես կանխարգելել դրանք, իսկ ախտորոշման դեպքում ճիշտ բուժում ցուցաբերել:
Ի՞նչ է հիպոթերմիան
Եվ այսպես.
Հիպոթերմիա՝ մարմնի գերսառեցում, երբ ներքին ջերմաստիճան իջնում է 35°C-ից ցածր: Սրա արդյունքում խախտվում են օրգանիզմում կատարվող պրոցեսները, օրգանների կայուն աշխատանքը, տուժում են մարդու ֆիզիկական և հոգեբանական կարողությունները և, ի վերջո, եթե ժամանակին օգնություն չցուցաբերվի՝ մարդ քնում է և մահանում: Խդնիրն այն է, որ այս գործընթացն անցնում է աստիճանաբար, աննկատ, և մարդիկ շատ հաճախ չեն զգում, որ սառում են:
Հիպոթերմիան ծանրանում է ըստ մարմնի ներքին ջերմաստիճանի անկման: Դասակարգվում է հետևյալ փուլերի՝
- Թեթև հիպոթերմիա ՝35 -ից 33 աստիճան – գլխապտույտ, բարձր ճնշում, խոսքի և կոորդինացիայի խախտումներ։
- Միջին հիպոթերմիա ՝ 33-ից 29 աստիճան – շշմածություն, սրտի առիթմիա, լայնացած բիբեր, ցածր ճնշում, քնկոտություն: Չափազանց կարևոր է թույլ չտալ տուժածին քնել: Քնած ժամանակ օրգանիզմն ավելի քիչ էներգիա է արտադրում, այդ իսկ պատճառով քնած մարդը կարող է սառել և մահանալ։
- Ծանր հիպոթերմիա՝ 28-ից 14 աստիճան – սրտի զարկերի քանակը րոպեում իջնում է 36-ի: Լինում են ջղաձգումներ և փսխում: Շնչառությունը շատ է դանդաղում՝ 3-4 անգամ րոպեում: Գլխուղեղը չի ստանում բավարար քանակությամբ թթվածին: Ուղեկցվում է ուժեղ ցրտահարությամբ: Եթե այս փուլում անհապաղ բժկական օգնություն չցուցաբերվի՝ մարդը կմահանա:
- Եվ առանձին պետք է նշել իմմերսիոն հիպոթերիման՝ այն է, երբ մարմինը միանգամից մեծ քանակությամբ ջերմություն է կորցնում, օրինակ, սառը ջուրն ընկնելիս։ Այս դեպքում պետք է առաջին հերթին հանել թրջված հագուստը և ակտիվ շարժվել տաքանալու համար: Հիշե՛ք, որ ունեք 5-15 րոպե ժամանակ, մինչև մկանների աշխատանքը կսկսի խախտվել և դուք ի վիճակի չեք լինի գործել:
Ինչպե՞ս խուսափել հիպոթերմիայից
Հիպոթերմիայի պատճառ կարող են հանդիսանալ ցուրտը, հյուծվածությունն ու ջրազրկումը, սովը, թրջված հագուստով ցուրտ եղանակին մնալը:
Հիպոթերմիայից և ցրտահարությունից առավել խոցելի են հետևյալ մարդկային խմբերը՝
- Ծերերն ու երեխաները։
Նրանց օրգանիզմի դիմադրողականությունը թույլ է: Նրանք նաև կարող ենք չզգալ, որ մրսում են և համապատասխան միջոցներ չձեռնարկեն:
- Տաք ու արևոտ երկրներում ապրողները։
Նրանց օրգանիզմը սովոր չէ նման եղանակային պայմաններին և չունի մշակված մեխանիզմներ ցրտի դեմ պայքարելու համար:
- Նիհար կազմվածքով մարդիկ։
Յուղի շերտը պաշտպանում է ցրտից, այդ իսկ պատճառով ճարպային հաստ շերտ ունեցող մարդիկ ավելի դիմացկուն են ցրտի նկատմամբ:
- Վատ մարզավիճակում գտնվող, կամ սպորտով չզբաղվող մարդիկ:
Մարզված մարդկանց նյութափոխանակությունն առավել կարգավորված է ՝ օրգանիզմի դիմադրողականությունն ավելի բարձր: Այդ իսկ պատճառով նրանց օրգանիզմում առավել արդյունավետ են ընթանում ցրտի դեմ պայքարելու պրոցեսները:
- Վնասվածք ստացած, շոկի կամ սթրեսի մեջ գտնվող մարդիկ։
- Շատ արյուն կորցրած մարդիկ։
- Ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ գտնվող մարդիկ։
Արշավների ժամանակ սովորաբար հիպոթերմիայի և ցրտահարության պատճառ են դառնում՝
- Եղանակային պայմանների թերագնահատումը։
- Թրջված կամ եղանակին անհամապատասխան հագուստը։
- Սեփական ուժերի գերագնահատումը։
- Բավարար քանակության սնունդ չընդունելն ու ջրազրկումը։
Ավելի հեշտ է կատարել պրոֆիլակտիկա և կանխարգելել հիպոթերմիան, քան հետո բուժել հետևանքները:
- Հագնվեք գրագետ
Ցուրտ և քամոտ եղանակին պետք է փակել մարմնի բոլոր մասերը քամու և ցրտի ազդեցությունից: Սակայն պետք է անել դա գրագետ, որպեսզի չքրտնեք իսկ այնուհետև չսառեք: Լեռներում հիպոթերմիայի հիմնական պատճառը հանդիսանում է ոչ պատշաճ հանդերձանքը: Հագուստը պետք է լինի ջերմամեկուսիչ, ջրադիմացկուն, քամուց պաշտպանող, ուժեղ չսեղմի, որպեսզի արյունը հանգիստ հոսի անոթներում:
- Երբեք սոված վիճակում դուրս մի՛ եկեք կացարանից:
Օրգանիզմին ահռելի քանակության էներգիա է հարկավոր ջերմություն արտադրելու համար, որը նա պետք է ստանա սնունդից: Կերեք ածխաջրերով և սպիտակուցով հարուստ սնունդ դուրս գալուց առնվազն մեկ ժամ առաջ, որպեսզի օրգանիզմը գոնե որոշ չափով հասցնի այն յուրացնել:
- Ունեցեք պարզ ածխաջրերով հարուստ սնունդ՝ կոնֆետներ, շոկոլադ, էներգետիկ գել, Snickers, Mars:
- Մի՛ մոռացեք հեղուկ խմելու մասին:
Օրգաիզմին հեղուկ է հարկավոր սննդանյութերն արյան մեջ տեղափոխելու համար: Այդ իսկ պատճառով ջրազրկումը սովից ոչ պակաս վտանգավոր է: Բացի ջրից ունեցեք նաև քաղցր թեյ, կոմպոտ կամ այլ տաք և շաքար պարունակող հեղուկ: Չի կարելի սուրճ և այլ կոֆեին պարունակող խմիչքներ օգտագործել, քանի որ կոֆեինը լայնացնում է անոթները, ինչն արագացնում է մարմնի սառելու պրոցեսը: Այդ իսկ պատճառով թեյը նույնպես պետք է լինի ոչ շատ մուգ, կոֆեին քիչ պարունակող, օրինակ՝ կանաչ կամ խոտաբույսերով:
- Հանեք ձեր վրայից բոլոր զարդերը, ժամացույցն ու մարմնին կպնող այլ մետաղական իրերը՝ մետաղը շուտ է սառում և ձեզ էլ է սառեցնում:
- ԽՍՏԻՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ԱԼԿՈՀՈԼԸ ԵՎ ԾԽԱԽՈՏԸ:
Սրանք նույնպես լայնացնում են արյունատար անոթները և ձեր օրգանիզմի ջերմատվությունը մեծանում է, սկզբում դուք զգում եք տաքության խաբուսիկ զգացում, այնուհետև սկսում եք կտրուկ սառել, քանի որ լայնացած անոթներում արյունն ավելի արագ է սառում արտաքին միջավայրից: Բացի դա, ցանկացած թմրեցնող կամ հոգեմետ միջոց թուլացնում է օրգանիզմը, որի արդյունքում թուլանում են օրգանիզմում կատարվող գործընթացները, ընկնում է դիմադրողականությունն ու զգոնությունը:
Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնություն
Եթե դուք արշավախմբի անդամներից որևէ մեկի մոտ հիպոթերմիայի նախանշաններ եք նկատում, ապա պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել: Պետք է հնարվորինս շուտ տուժածին տաքացնել: Եթե մոտակայքում կա բնակավայր, փակ շինություն կամ ձեր վրանային ճամբարը, ապա պետք է հնարավորինս շուտ նրան հասցնել այնտեղ: Եթե ոչ, ապա տեղում պետք է միջոցներ ձեռնարկել նրան տաքացնելու համար: Մինչ այդ՝ առաջին հերթին պետք է կանչել օգնություն, որպեսզի ժամանակ շահեք: Եթե օգնությունը չի կարող շուտ հասնել, պետք է շարունակեք ինքնուրույն տաքացնել տուժածին:
Եթե այնուամենայնիվ հիպոթերմիան սկսվել է՝ պետք անհապաղ գործի անցնել և տուժածի մարմնի բնականոն ջերմաստիճանը վերականգնելու համար համապատասխան գործողություններ ձեռնարկել: Դրա համար պատրաստվում է հիպոթերմիկ բրդուճ (անգլ.՝ hypothermic wrap) (առավել բնորոշ թարգմանություն չգտա): Այն իրենից ներկայացնում է քնապարկ՝ փաթաթված ջրադիմացկուն ծածկոցի մեջ: Այս նպատակով շատ ցանկալի է ուսապարկում ունենալ փրկարական ծածկոց (rescue trap):
Այն պատրաստվում է հետևյալ կերպ՝
- Տուժածի վրայից հանում եք թրջված շորերը, եթե այդպիսիք առկա են, և հագցնում չոր, տաք և չսեղմող հագուստ։
- Բացում եք փրկարարական ծածկոցը, վրան անկյունագծով դնում արշավական գորգը, ցանկալի է երկու գորգ դնել՝ կախված վերմակի չափսերից: Այդ իսկ պատճառով արժե միշտ ընտրել ամենամեծ չափսի ծածկոցը: Այն ոչ տեղ, ոչ էլ քաշ է զբաղեցնում ուսապարկի մեջ։
- Տուժածին մտցնում եք քնապարկի մեջ և քնապարկը դնում գորգի վրա: Եթե կան մի քանի քնապարկեր, ապա ևս մեկ քնապարկ դնում եք գորգի վրա, նոր մյուս քնապարկով տուժածին պառկեցնում վրան:
- Փաթաթում եք փրկարարական ծածկոցը երեսից այնպես, որ ստանաք “բրդուճ” հիշեցնող մի բան: Այո, ամենայն լրջությամբ ենք ասում, անգլերենով սրան ասում են Hypothermia burrito wrap։
Հիշե՛ք սա, ստորև առանձի-առանձին կդիտարկենք յուրաքանչյուր մակարդակի հիպոթերմիայի դեպքում անհրաժեշտ միջոցառումները, սակայն մեր «շաուրման» պետք է գալու ցանկացած դեպքում:
Թեթև և միջին կարգի հիպոթերմիա
Եվ այսպես՝
- Հանել թաց շորերը և տուժածին հագցնել տաք և չոր շորեր կամ այլ ջերմամեկուսիչ շերտեր։
- Փնտրել կացարան։
- Տեղադրել տուժածին «հիպոթերմիայի դեմ բրդուճի» մեջ։
- Տուժածին ակտիվ տաքացման անհրաժեշտության դեպքում բրդուճի մեջ տեղադրել ջերմության արտաքին աղբյուրներ՝ հիդրացիոն պարկի մեջ լցնել տաք (ոչ եռման) ջուր և տեղադրել քնապարկի մեջ, օգտագործել հանքային ջերմակներ (солевая грелка):
Ջեռուցման արտաքին աղբյուրները պետք է դնել պարանոցի, թևատակերի շրջանում, ազդրերի ներսի կողմից: Այս հատվածներով են անցնում գլխավոր արյունատար անոթները, որոնք էլ պետք է առաջին հերթին ջերմություն ստանան: Այսպիսով դուք միանգամից ավելի մեծ քանակությամբ արյուն եք տաքացնում, հետևաբար ամբողջ մարմնին ավելի շուտ է տաք արյունը հասնում:
- Եթե տարհանումը ուշանալու է և անհրաժեշտություն կա հավելյալ և առավել ինտենսիվ ջերմություն ապահովելու, ապա պատրաստում եք մեծ փրկարարական բրդուճներ, որի մեջ տուժածի հետ մտնում են ևս մեկ կամ երկու հոգի՝ մերկ վիճակում: Քնապարկերը պետք է դասավորել այնպես, որ բոլորը մարմնով կպչեն իրար: Այս դեպքում առողջները բարձր ինտենսիվությամբ կտաքացնեն տուժածին իրենց մարմնի ջերմությամբ:
Հ.Գ. Միգուցե սա շատ ասնովոր, ոմանց համար անընդունելի և ամոթալի թվա, սակայն սա փորձված և աշխատող տարբերակ է, որը կյանքեր է փրկում:
- Տուժածին սնունդ տվեք։ Սկսեք պարզ ածխաջրերից, շաքարեղենից, այնուհետև, երբ նա մի փոքր կազդուրվի, կաորղ եք նաև բարդ ածխաջրեր, սպիտակուցներ և ճարպեր տալ:
- Էլեկտրոլիտներով և հանքանյութերով հարուստ տաք հեղուկներ տվեք: Եթե ձեզ հետ ունեք իզոտոնիկ, լուծեք այն տաք ջրում և տվեք որ խմի, եթե ոչ՝ կարող եք պատրաստել քաղցր կանաչ, կամ ոչ շատ թունդ սև թեյ, ավելացնելով չնչին քանակությամբ կերակրի աղ, կիտրոնաթթու, կիտրոնի հյութ կամ ցանկացած բան, որը կպարունակի վիտամին C:
- Արգելվում է հիպոթերմիայի ժամանակ տուժածին սուրճ, էներգետիկ ըմպելիքներ, մուգ սև թեյ և ցանկացած կոֆեին պարունակող բան տալ: Կոֆեինը լայնացնում է անոթները, և տուժածն ավելի արագ է ջերմություն կորցնում:
- Եթե տուժածը կազդուրվում է, հորդորեք նրան կատարել ֆիզիկական նախավարժանք:
- Եթե տարհանման կարիք չկա, վերագնահատեք ձեր ուժերը և ճամփա ընկեք։
- Եթե տուժածը, այնուամենայնիվ, ի վիճակի չէ ինքնուրույն քայլել՝ տեղավորեք նրան փրկարար բրդուճի մեջ: Բրդուճի տակ կարելի է փռել ևս մեկ գորգ, ամրացնել ուսապարկերով, թրեքինգային փայտիկներով և ստանալ պատգարակի պես մի բան:
Ծանր կարգի հիպոթերմիա
- Տուժածին պետք է տաքացնել աստիճանաբար և չափազանց զգույշ, որպեսզի սրտի վրա ճնշում չգործադրվի: Արագ տաքացումից մակերեսային անոթները շուտ կլայնանան և սառը արյունը կսկի արագ անցնել օրգանիզմով՝ ավելի ինտենսիվ սառեցնելով տուժածին:
- Ոչ մի սնունդ․ այս պարագայում օրգանիզմը կարող է ի վիճակի չլինել սնունդ ընդունել, և ցանկացած բան կարող է ծանրանալ ստամոքսում և ավելի վատ հետևանքների բերել: Այնուամենայնիվ, եթե տուժածի գիտակցությունը տեղն է, փորձեք նրան հեղուկ տալ: Ավելի լավ եթե հեղուկը տաք է՝ շաքարով և էլեկտրոլիտներով: Մի խոսքով ուղղորդվեք հեղուկ ընդունելու վերը նշված կանոններով:
- Ոչ մի ֆիզիկական վարժություն․ այս պարագայում առաջնահերթ է պահպանել տուժածի էներգիան: Տվյալ իրավիճակում, միևնույն է, անհնար է ֆիզիկական ակտիվության շնորհիվ տաքացնել օրգանիզմը:
- Օգտագործեք փրկարարական բրդուճն առանց ջերմության արտաքին աղբյուրների։
- Եթե տուժածը ուշքի է գալիս և կազդուրվում է, գնահատեք ձեր և տուժածի ուժերը և շարունակեք ճանապարհը, իսկ հնարավորության դեպքում սկսեք տարհանումը:
- Հատուկ ծանր դեպքերում հիվանդին լիովին տաքացնելն արդեն քիչ հավանական է, եթե մարմնի ներքին ջերմաստիճանը 30-ից ցածր է: Այս դեպքում պետք է փորձել հնարավորինս ապահովել տուժածի կենսագործունեությունը և օգնություն կանչել:
- Ստուգեք շնչուղիներն ու սրտի աշխատանքը: Անհրաժեշտության դեպքում կատարեք սրտի անուղղակի մերսում և արհեստական շնչառություն (CPR):
- Ոչ մի դեպքում մի դադարեք տուժածին տաքացնելու պրոցեսը: Տուժածը մահացած չի այնքան ժամանակ, քանի դեռ դուք շարունակում եք նրան տաքացնել և կատարել սրտի անուղղակի մերսում և արհեստական շնչառություն: Մահը գրանցում է ժամանած բժիշկը, իսկ մինչ այդ տուժածը ողջ է, եթե անգամ նրա մարմինն ու դեմքը ամբողջովին կապտած և սառած են:
- Ձեր առաջին օգնության դեղարկղիկում ունեցեք էլեկտրական ջերմաչափ և ողջ ընթացքում ստուգեք տուժածի ներքին ջերմաստիճանը: Դա արվում է բերանի խոռոչից կամ հետանցքից: Թևատակից ճշգրիտ տվյալ ստանալ չեք կարող՝ հատկապես այս դեպքերում:
- Եթե ջերմաստիճանը ստացվել է բարձրացնել 30 աստիճանից վեր, և տուժածի գիտակցությունը վերականգնվում է, աստիճանաբար սկսեք կիրառել արտաքին ջերմության աղբյուրներ:
Ենթադրենք դուք հասաք ապահով վայր՝ վրան, հյուրանոց, լեռան ստորոտում գտնվող մետեո կայան և այն: Սա դեռ ամենը չէ, և պետք է շարունակել վերականգնողական միջոցառումները:
- Առաջին հերթին պետք է դիմել բժշկի, անկախ տուժածի ներկայիս իրավիճակի, անգամ եթե նա ոտքի է կանգնել, խոսում է, քայլում և սնվում՝ նրան պետք է զննի բժիշկը: Հիպոթերմիան ահռելի սթրես է օրգանիզմի համար, որը կարող է ունենալ ծանր հետևանքներ, այդ իսկ պատճառով չի կարելի մատների արանքով նայել դրան:
- Շարունակել տաք հեղուկներ և սնունդ տալ, եթե տուժածն ի վիճակի է սնունդ ընդունել։
- Հիվանդին կարելի է պառկեցնել գոլ ջրով լոգարանի մեջ և աստիճանաբար տաքացնել ջուրը: Հիշե՛ք, որ չի կարելի միանգամից տաք ջրի մեջ պառկեցնել, կամ արագ տաքացնել ջուրը, քանի որ սա կհանգեցնի շոկի։
- Այնուամենայնիվ, լավագույն տարբերակն անվնաս լինելու համար մնում է պարզապես տաք վերմակներով փաթաթելը և փափուկ անկողնում հանգիստ վիճակում պառկեցնելը:
Հիպոթերմիայի հետ միասին տուժածը ստանում է նաև ցրտահարություն, որը կքննարկենք առանձին: