Արարատվածներ / Մենք 7 տարեկան ենք
2019 թ.-ի դեկտեմբերի 17-ին Elite Plaza բիզնես կենտրոնում տեղի ունեցավ մեր տարվա ամփոփիչ միջոցառումը, որն անվանել էինք «Արարատվածներ»:
Հերթական անգամ ամփոփեցինք անցած տարին: Այս տարին աննախադեպ էր՝ հագեցած բազմաթիվ բացահայտումներով և նվաճումներով:
Ինչո՞ւ ենք այս տարվա միջոցառումն անվանել «Արարատվածներ», քանի որ այս տարին աննախադեպ էր Արարատի վերելքների քանակով: Եվ որպես փաստ կարող ենք արձանագրել, որ այս տարի դեպի Արարատ ամենաշատ խմբերը Հայաստանից ուղեկցել է հենց Armenian Geographic-ը: Միջոցառման ժամանակ նաև հակիրճ ներկայացվեց 2020 թ-ի Արարատի վերելքի ծրագիրը:
Միջոցառման բացման խոսքը հանձնվել էր Հայաստանի Ալպինիզմի և Լեռնային տուրիզմի ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանին: Armenian Geographic-ը ստեղծիման օրվանից՝ արդեն շուրջ 7 տարի համագործակցում է ֆեդերացիայի հետ:
Միջոցառման ընթացքում Armenian Geographic նախագիծը Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության կողմից ստացավ շնորհակալագիր ՝ Պատմամշակութային ժառանգության պահպանման և հոգածության համար: Մենք նույնպես շնորհակալ ենք մեր աշխատանքը գնահատելու համար:
Դելիկա Արշավ դեպի Հադրութի շրջան
Բացման խոսքից հետո սկսեցինք ամփոփել տարին: Սկսեցինք տարվա ամենաառաջին հետաքրքիր արշավից: Մենք մշակել ենք արշավների մի նոր տեսակ, որն անվանել ենք «Դելիկա արշավ», որը իրենից ենթադրում է արշավ դելիկա մակնիշի ավտոմեքենաներով: Նմանատիպ արշավի շրջանակներում էլ հենց այցելեցինք Արցախի Հադրութի տարածաշրջանի Խանձաձոր գյուղը: Այս արշավը տարբերվում էր նախորդներից, քանզի մեր նպատակը լեռնագագաթ նվաճելը չէր՝ արդեն բարձրացել էինք տարածաշրջանի ամենագրավիչ լեռը՝ Դիզափայտը: Այս անգամ մեր նպատակն էր բացահայտել այս հեռավոր գյուղն իր ողջ հմայքով, շփվել գյուղացիների և երեխաների հետ՝ կարճ ասած դառնալ նրանց առօրյայի մի մասնիկը: Այնուհետև դիտեցինք Սիփան Գրիրգի մեր արշավի մասին պատմող փոքրիկ տեսանյութը:
Իրական Տավուշ
Հաջորդիվ խոսեցինք դեպի Տավուշի սահմանամերձ գյուղերից մեկը՝ Մովսես գյուղ իրականացրած մեր արշավի մասին: Մովսես գյուղը տեղացիներն անվանում են ո՛չ թե սահմանամերձ, այլ սահմանապահ գյուղ: Արշավի միտքը ծնվեց մեր շատ սիրելի ընկեր Անդրանիկ Փոլադյանի հրավերից: Մեր այս յուրօրինակ և թերևս ամենատպավորիչ արշավը նախաձեռնելու համար Անդրանիկին, որպես շնորհակալություն նվիրեցինք Տիգրան Վարագի՝ «Հայաստանի Լեռները» գիրքը: Այնուհետև դիտեցինք Սիփան Գրիրգի պատրաստած տեսանյութը:
«Լեռնային Կղզի»
Այնուհետև նախագծի մասին խոսեց նախագծի հիմնադիր Տիգրան Վարագը: Ներկայացրեց այս տարվա խոշոր ձեռքբերումներից մեկը՝ «Հայսաստանի Լեռները» երկլեզու գիրքը, ինչպես նաև խոսեց հաջորդ՝ «Լեռնային Կղզի» գրքի մասին, որն իր մեջ ներառելու է Հայկական Լեռնաշխարհի լեռնաշղթաներն ու նրանց բարձր գագաթները:
Շարունակելով մեր բացահայտումների շարքը կրկի խոսեցինք դեպի Արցախ կատարած մեր ուղևորություններից մեկի մասին: Այս անգամ ուղևորվել էինք Քաշաթաղ, որտեղ մեր նպատակակետը Թովմասար լեռն էր: Թովմասարը Արցախի լեռնաշղթայի վերջին վառ արտահայտված լեռն էր ՝ որ դեռ չէինք հասցրել բարձրանալ: Դե իսկ Թովմասարի մասին պատմող տեսանյութն ամբողջությամբ բացահայտեց այն ամենը ինչ տեղի է ունեում մեր գիշերակացով արշավների ետնաբեմում:
Դեպի Սասուն
Եվ ահա տարվա մեր ամենամեծ բացահայտումը Պատմական Հայաստանում ՝ Վերելք Ծովասար և Սուկավետ: Սա նաև տարվա ամենասպասված արշավն էր: Ծովասար լեռան անունը բազմիցս հանդիպել էինք տարբեր աշխատություններում, և դա այն անունն էր, որն ամենաշատն էր ասոցացվում Էրգրի և Սասունի հետ: Այդ էր պատճառը, որ մի ամբողջ տարի անհամբեր սպասում էինք Ծովասարի գագաթից Մարաթուկի և Սասունի տեսարանով հիանալուն: Այս արշավի երկրորդ նպատակակետը Սուկավետ լեռն էր: Սուկավետ լեռը, ըստ որոշ աղբյուրների համարվում է Հայկական պար լեռնաշղթայի ամենաբարձր կետը, որի գագաթին ոտք դնելը նշեցինք հայկական «Ալաշկերտի 3 ոտք» պարով: Այնուհետև դիտեցինք Սիփան Գրիրգի պատրաստած փոքրիկ տեսնյութը մեր ուղևորության մասին:
Բարդողի երկար սպասված վերելքը
Ծովասարի և Սուկավետի վերելքից ոչ պակաս կարևոր էր նաև Բարդողի վերելքը: Մեր թիմը առաջին անգամ Բարդող լեռը նկատել էր 2014 թվականին, իսկ վերելքի միտքը հասունացավ արդեն 2018-ին: Իսկ այս տարի վերջապես ստացվեց իրականացնել երկար սպասված վերելքը: Մի օր պարզապես մեր տղաները որոշեցին գնալ երազանքի հետևից, իսկ մի քանի օր անց արդեն կանգնած էին Բարդողի գագաթին: Վերելքը նշանավորվեց նաև նրանով, որ վերջին 100 տարիների ընթացքում մենք առաջին հայերն էինք, ովքեր կանգնեցին Բարդողի գագաթին: Եվ քանի որ առաջին վերելքից հետո լեռան հանդեպ հետաքրքրություն մեծ ալիք բարձրացավ ՝ երկորդ վերելքը սպասեցնել չտվեց, և մի քանի ամիս անց մենք կրկին հայտնվեցինք Բարդողի գագաթին:
Միջոցառման ավարտը
Կրկին հետ վերադառնալով միջոցառման «Արարատվածներ» անվանն ու Արարատին, նշենք, որ Armenian Geographic-ը այս տարի միացել էր «Ավրորա» մարդասիրական ֆորումի նախաձեռնած #ararat_challenge շարժմանը, որի մասին խոսեց Մարիա Հովսեփյանը:
Միջոցառման ավարտին դիտեցինք նաև Լուիզա Վարդանյանի հեղինակած «Լուսաբացն Արարատից» ֆիլմը, որը պատմում էր մեր խմբերից մեկի Արարատի վերելքի մասին:
Եվ, իհարկե, միջոցառումը եզրափակվեց Արարատի մասնակիցերին վկայագրեր շնորհելու արարողությամբ:
Չնայած վերը նշված բոլոր բացահայտումներին ու նվաճումներին, մեր ամենակարևոր ձեռքբերումը շարունակում են մնալ այն մարդիկ, ում մենք գտել ենք մեր արշավների ընթացքում, այն մարդիկ ովքեր աջակցում և ոգեշնչում են մեզ, և, իհարկե, այն մարդիկ ովքեր ուղղակի հետևում են մեզ և նման կերպով նույնպես աջակցում են մեզ:
Շնորհակալ ենք, որ մեր կողքին եք և հավատում եք մեզ:
Կհանդիպենք լեռներում!!!
Լուսանկարները՝ Սիփան Գրիգի
Արարատվածները