Արարատի գագաթը նվաճելն արդեն անցյալ կատարյալ է
Ի՞նչը ստիպեց Արարատն անհաս երազանքից դարձնել նպատակ:
Արարատին նայելիս հաճախ եմ երազել հայտնվել նրա գագաթին, բայց միշտ էլ դա անհնար մի բան եմ կածել։ Սակայն իմ՝ դեռ կարճ, բայց հագեցած արշավային կյանքն ու արշավական խենթ ընկերներս կարողացան երազանքս քայլ առ քայլ դարձնել նպատակ։ Այժմ Արարատի գագաթը նվաճելն արդեն անցյալ կատարյալ է։
Ո՞րն էր գլխավոր պատնեշը քո և նպատակիդ միջև:
Մեկ տարի առաջ լեռնագնացության մասին պատկերացումներս խիստ մոտավոր էին, ու հավանաբար դա էր հիմնական պատնեշը։ Իսկ ավելի ուշ, երբ ArmGeo-ի հետ արդեն բացահայտել էի լեռնագնացության գաղտնիքները, իմ և նպատակիս միջև պատնեշ էր դարձել ժամանակի սղությունը։ Այդ պատնեշն արդեն ևս հաղթահարված է։
Ինչպե՞ս էիր պատկերացնում վերելքը:
Վերելքը պատկերացնում էի բարդ ու արկածներով լի։ Մինչև 4200 մետր բարձրացանք զրույցի բռնված, ու չհասցրինք նկատել ո՛չ արկած, ո՛չ էլ բարդություն։ Իսկ այն, ինչ կատարվեց 4200-ից հետո, հազար արկած ու բարդություն արժեր։
Ինչպիսի՞ն էր այն իրականում:
Վերելքը կարող եմ նկարագրել իբրև մեր կարծյալ և իրական հնարավորությունների կռիվ, որում մեր իրական հնարավորությունները հաղթեցին մեր կարծյալ հնարավորություններին։
Ինչի՞ մասին էիր մտածում երբ ընդամենը հաշված քայլեր էին մնացել գագաթին:
Մտածում էի բղավել այնպես, որ հիացմունքս աշխարհն իմանա, բայց հիշեցի, որ ես զուսպ եմ, իսկ աշխարհը՝ մեծ։
Բառ, որով կբնութագրես քեզ Արարատի գագաթին:
Իմ սիրելի մուլտհերոսի նմանությամբ՝ Ամենակարող (Аll Might)։
Ո՞րն էր վերելքի ամենահիշարժան պահը:
Երբեք չեմ մոռանա այդ պահին արշավական մյուս ընկերներիս դեմքերը ։
Փոխվե՞ց կյանքդ 5165-ով:
Վերելքի ամեն վայրկյանն իմաստավորվեց, ամփոփվեց 5165-ով, իսկ փոխվեց կյանքս օրեր անց, երբ տուն վերադառնալուց հետո կրկին նայեցի Արարատի արդեն նվաճված գագաթին։
Ի՞նչ է Արարատն ինձ համար այժմ:
Արարատը միշտ էլ կյանքիս անբաժանելի մասն է՝ ինչպես ամեն հայի, սակայն արդեն ոչ վիրտուալ՝ իրական։
Պատրաստվու՞մ ես վերադառնալ Արարատի մոտ:
Թեկուզ վաղը՝ միայն թե լեռը ձայն տա։
Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց ում համար Արարատը դեռևս երազանք է:
Խորհուրդ կտամ արշավել. արշավել դեպի Հայաստանի լեռներն, ու այդ ժամանակ երազանքը կամաց կամաց կդառնա նպատակ, նպատակն էլ՝ իրականություն։
Մհեր Պարույրյան