Անի Բաղդասարյան
Մասնագիտություն (ինչո՞վ ես զբաղվում)
Գրաֆիկ-դիզայներ եմ
Ի՞նչը ստիպեց քեզ առաջին անգամ մասնակցել արշավի, ի՞նչ էիր զգում առաջին անգամ քո “հարմարավետության գոտուց” դուրս գալուց
ժայռապատկերների հանդեպ հետաքրքրությունը ու դրանք տեսնելու ցանկությունը ստիպեցին, որ առաջին անգամ մասնակցեմ Թրասար, Ուխտասարի արշավին: Գիտեք, իրականում դուրս չէի եկել իմ հարմարավետության գոտուց (չհաշված, որ արշավական հանդերձանքս էր թերի, դաժան կարկուտ եկավ, անձրևանոց, արշավական հարմար կոշիկներ չունեի, իսկ դրանք կարևոր են, պարտադիր): Բնությունը, լեռները հարմարավետության գոտի են, այլ կերպ չի կարող լինել:
Ինչու՞ ես լեռներ բարձրանում. ի՞նչ են տալիս քեզ լեռները
Լեռներ բարձրանում եմ, քանի որ արդեն տառապում եմ ՛՛լեռնային հիվանդությամբ՛՛ :) Լեռներն անսահման էներգիա են փոխանցում, էներգիա ապրելու, էներգիա փոխվելու, էներգիա ավելի լավը դառնալու: Լեռներից տեսնում ես աշխարհը, դու հեռու ես ամեն ինչից, հեռու ես կենցաղից, առօրյայից, բայց մի ամբողջ աշխարհ քոնն է, քոնն են կադրերը, տեսարանները, գույները, տարվա բոլոր եղանակները: Լեռները սովորեցնում են կարգապահություն ու սովորեցնում են սիրել ազատությունը:
Ու՞նես սիրելի մեջբերում լեռների մասին
“The Mountains are calling and I must go” John Muir
Այս արտահայտությունը հստակ նկարագրում է իմ կիրակները:
Ու՞նես ավելի բարդ ու բարձր լեռներ նվաճելու ցանկություն
Այո, դա օրինաչափություն է՝ գերազանցել նախորդ ամենաբարձր վերելքը:
Ո՞րն է քո ամենահիշարժան արշավը և ինչո՞վ է այն հիշարժան
Եթե Մեծ Քիրսի արշավը չլիներ, էս հարցին կդժվարանայի պատասխանել: Մեծ Քիրսը (2724մ) Արցախի լեռնաշղթայի ամենաբարձր գագաթներից է ու ինձ համար ամենահզորը, ամենատպավորիչը՝ իր էներգիայով, ուժով, փոխանցած զգացումներով: Գագաթին մառախուղ էր, հետո որ բացվում էր, երևում էր Քիրսի բռունցքը, էնքան էր պարզվում, որ սկսում էի կասկածել ուղիղ 1 րոպե առաջ տեսածիս իրական լինել չլինելուն, հետո նորից մառախուղ…
Ի՞նչ խորհրդով կօգնես այն մարդկանց, ովքեր երկար ժամանակ ուզում են սկսել արշավել, բայց այդպես էլ չեն համարձակվում
Սկսեք արշավել հենց մոտակա կիրակի օրվանից, սկսեք ամենահեշտ երթուղուց, հետո ձեր կամքով եք ընտրելու ավելի բարդը: Լեռները քեզ ստիպելու են տանջվել, հաղթահարել, բայց և՛ ճանաչել, տեսնել ամենասիրունը, ամենամաքուրը:
Ուզու՞մ ես դառնալ ակումբի անդամներից մեկը: Միացի՛ր մեր արշավներին:
Ծանոթացեք մեր ակումբի մյուս անդամների հետ.