Թեժլեռ / Փամբակի լեռնաշղթա
Թեժլեռ լեռնագագաթը գտնվում է Հայաստանի Լոռու և Կոտայքի մարզերի սահմանագլխին, Մարգահովիտ գյուղից 7 կմ հյուսիս-արևմուտք:
Բարձրությունը՝ 3101
Հանդիսանում է Փամբակի լեռնաշղթայի ամենաբարձր կետը և տեղակայված է լեռնաշղթայի կենտրոնական հատվածում։ Լանջերը զառիթափ են, լանդշաֆտը՝ լեռնամարգագետնային։
Փամբակի լեռնաշղթա
Երկարությունը՝ մոտ 106 կմ
Լայնությունը՝ 15 կմ
Լեռնաշղթա Հայաստանի Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում։ Ձգվում է Շիրակի սարահարթի հյուսիսարևելյան եզրից մինչև Սևանա թերակղզի՝ 100 կմ-ից ավելի։ Ջրբաժան է Կուր և Արաքս գետերի ավազանների միջև։ Ձգվում է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելյան ուղղությամբ, Զաջուռի լեռնանցքից մինչև Սևանա լճի հյուսիս-արևմտյան ափը։
Ծալքավոր լեռնաշղթա Է՝ կազմված էոցենի հրաբխանստվածքային, նստվածքային և հրաբխածին ապարներից, արևելքում ծածկված է լավաներով։ Կենտրոնական մասը (Փամբակի պլուտոն) համեմատաբար լայն ու բարձրադիր է, առավել կտրտված։ Կատարային գոտու միջին բարձրությունը ավելի քան 2600 մ է։ Լեռնանցքները գտնվում են մինչև 2800 մ բարձրության վրա։
Արևմուտքում հարաբերական բարձրությունները նվազում են։ Փամբակի լեռնաշղթան ունի դենուդացիոն-էրոզիոն ռելիեֆ և տեկտոնական կառուցվածքով պայմանավորված անհամաչափ լանջեր։ Հյուսիսային լանջերը զառիվեր, քարքարոտ ու մերկ են, տեղ-տեղ՝ կախված, կտրտված նեղ ու խոր ձորերով։ Հարավային լանջերը կարճ են, մեղմ թեքությամբ, երբեմն՝ կտրտված։
Բարձր լեռնային գոտին (2600–2700 մ բարձրությամբ) կղզիացած լեռնագագաթների շարք է, որին բնորոշ են սառնամանիքային ու ծանրահակային պրոցեսները։ Լեռնագագաթները գմբեթանման են, կլորավուն և ունեն 200-300 մ հարաբերական բարձրություն։ Լեռնաշղթայից են ռանձնանում Ծաղկունյաց և Արջանոցի լեռնաշղթաները։ Լեռնագագաթներից նշանավոր են Թեժլեռը, Ձիթհանիցը (Մայմեխ 3081 մ), լեռնանցքներից՝ Փամբակի լեռնանցքը (2152 մ)։ Կլիման բարեխառն է, կարճատև ամառներով և ցուրտ ձմեռներով։ Լանդշաֆտներն արտահայտված են բարձունքային գոտիականությամբ։ Լեռնաշղթայի լանջերը ծածկված են լեռնատափաստանային և լեռնամարգագետնային բուսականությամբ։ Հյուսիսային լանջերին կան անտառներ։
Լուսանկարները՝ Տիգրան Վարագի և Աղասի Մարտիրոսյանի