Արարատի արշավը հետաքրքիր ճանապարհորդություն է դեպի պատմական Հայաստան և վերելք աշխարհի ամենահայտնի 5000-անոց լեռներից մեկը: Տեխնիկական առումով Արարատն իրենից բարդություն չի ներկայացնում: Այստեղ չկան ժայռոտ հատվածներ, խորը ճեղքերով սառցադաշտեր և վտանգավոր անցումներ: Վերելքի համար անհրաժեշտ է ունենալ ճիշտ հանդերձանք և, իհարկե, արշավային փորձ:
Մասիս լեռան վերելքից առաջ մասնակիցներին հուզող առաջնահերթ հարցերից է արշավային գույքի և հանդերձանքի հարցը: Կիրառելով մեր տարիների փորձը լեռնագնացության մեջ, ստեղծել ենք անհրաժեշտ պարագաների ցանկ, որը կօգնի ձեզ հեշտ կողմնորոշվել: Ցանկը կազմված է հատուկ Մասիսի վերելքի համար: Ի տարբերություն մյուս արշավների այս արշավի ընթացքում ձեր ծանր իրերը տանում եք ոչ թե դուք, այլ ձիերը: Ձեր ուսերին լինելու է միայն թեթև ուսապարկ:
Եկեք բաժանենք իրերի ամբողջ ցուցակը երեք մասի․
- հանդերձանք և հիմնական գույք
- ճամբարի և գիշերակացի համար անհրաժեշտ իրեր
- լրացուցիչ իրեր և էլեկտրոնիկա
Հանդերձանք և հիմնական գույք
Մեծ ուսապարկ կամ սպորտային պայուսակ (70-90 լ)
Մեծ ուսապարկի կամ սպորտային պայուսակի մեջ լինելու են այն իրերը, որոնք տեղափոխվելու են ձիերով:
Փոքր ուսապարկ (25-40 լ)
Փոքր ուսապարկը միշտ լինելու է ձեր ուսերին: Այստեղ են գտնվելու ճամբարից ճամբար հասնելու համար ձեզ անհրաժեշտ իրերը՝ ջուր, քաղցրավենիք, անհատական դեղատուփ, բաճկոն և այլն:
Թերմոներքնազգեստ
Թերմոներքնազգեստի կոմպլեկտ՝ սա հատուկ գերշնչող նյութերից պատրաստված շապիկ և տաբատ է, որը հագնում են անմիջապես մարմնին: Այն լավ ներծծում է քրտինքը և արագ չորանում: Արդյունքում մարմինը մնում է չոր և հետևաբար ավելի տաք:
Ֆլիսե վերնազգեստ
Այս գործվածքը նաև անվանում են արհեստական բուրդ: Ֆլիսն առավել թեթև ու փափուկ է քան բուրդը: Եվ, ի տարբերություն բրդյա շապիկի, ֆլիսե վերնազգեստն անգամ թրջվելուց հետո շարունակում է որոշ չափով տաք պահել մարմինը:
Տաբատ
Մինչև երկրորդ ճամբարը (4200 մ Մասիս) կարող եք բարձրանալ թեթև տաբատով: Դեպի գագաթ վերելքի ժամանակ պետք է ունենաք քամուց ու ցրտից պաշտպանող ալպինիստական տաբատ կամ դահուկորդի համազգեստ: Այն պետք է լինի անջրաթափանց, տաք, մեմբրանե շերտով: Տաքացնող նյութը կարող է լինել բնական՝ սագի փետուր, կամ սինթետիկ: Բնականը ավելի լավ է տաքացնում, ավելի թեթև է: Նույնքան տաքացնող սինթետիկը ավելի ծանր է, որպես կանոն, բայց նաև ավելի էժան: Առաջնորդվեք ըստ ձեր նախապատվության: Մեմբրանե շերտն էլ միաժամանակ և՛ անջրաթափանցություն է ապահով, և՛ շնչում: Սա ոչ պարտադիր, բայց ցանկալի պայման է:
Բաճկոն
Անհրաժեշտ է ունենալ 2 բաճկոն: Մեկը թեթև՝ քայլքի համար, մյուսը՝ ձմեռային բաճկոն, որը կպաշտպանի քամուց և ցածր ջերմաստիճանից: Բաճկոնը անպայման պետք է ունենա քամուց և անձրևից պաշտպանող գլխարկ:
Շապիկ
Անհրաժեշտ է ունենալ տարբեր հաստությունների մի քանի շապիկ։
Արևապաշտպան գլխարկ
Տաք գլխարկ
Ձմեռային գլխարկ (2 հատ)
Buff
Բաֆերը պաշտպանում են ինչպես քամուց ու փոշուց այնպես էլ ձնից ու ցրտից: Քայլելու ժամանակ Buff-ը պաշտպանում է վիզը և կանխում է քամու ներթափանցումը: Ուժեղ քամու ժամանակ այն քաշում եք վերև և ծածկում դեմքը:
Ձեռնոց
Ֆլիսե ձեռնոցներ (2 զույգ)։ Մի զույգը մատներով, իսկ մյուսը՝ թաթման: Դահուկի ձեռնոցը նույնպես կարելի է վերցնել: Կարևորը որ արտաքնից ունենա ջրակայուն պինդ շերտ, իսկ ներսից՝ փափուկ տաքացնող շերտ:
Արևային ակնոց
Արևային ակնոցը պետք է լինի տուրիստական կամ լեռնային՝ առնվազն 3-րդ կատեգորիայի պաշտպանությամբ: Արևային ակնոցների ապակիներն ունեն դասակարգում: Առաջին և երկրորդ կատեգորիաները նախատեսված են քաղաքի և թեթև զբոսանքի համար, և մեզ այս դեպքում անհրաժեշտ չեն: Երրորդ կատեգորիան փոխանցում է արևի լույսի 8-18%-ը, 4-րդը՝ 3 – 8%-ը: Քանի որ Արարատում ամռանը ձյունը շատ չէ, ապա երրորդ կատեգորիան լրիվ բավարար է:
Անձրևանոց
Ճանապարհին կարող են լինել տեղումներ:
Գուլպա
Արշավային բրդյա գուլպաներ՝ լինում են կամ սինթետիկ, կամ մերինոյի բրդից: Այս կենդանիների բուրդը թեթև է և շատ տաք, արագ կլանում է քրտինքը և չորանում: Այսպիսի գուլպաները ունենում են անատոմիական ձև, հաճախ անկար գործվածքով: Ցանկալի է ունենալ մի քանի զույգ տարբեր հաստության գուլպաներ:
Արշավային ոտնամաններ
Ոտնամանները պետք է լինեն հարմար, հաստ տակացույով և չսեղմող: Սովորոբար ոտնամաններն ընտրում են այն հաշվարկով, որ հագնեն հաստ գուլպայով, այսինքն՝ մի կամ երկու համար մեծ: Արշավից առաջ անպայման հագեք, որպեսզի բացվի և ընդունի ձեր ոտքի ձևը: Արգելվում է նոր ոտնամաններով սկսել վերելքը: Մենք խորհուրդ ենք տալիս գնել հատուկ լեռնագնացության համար նախատեսված կոշիկներ Zamberlan, Lowa, Scarpa, Asolo, LaSportiva ֆիրմաների: Ցանկալի է ունենալ հատուկ լեռնային կոշիկներ, որոնք նախատեսված են կատվիկ հագցնելու համար:
Փոխնորդ ոտնամաններ
Մասիսի վրա մինչև երկրորդ ճամբարը (4200 մ) կարող եք հագնել ավելի թեթև ոտնամաններ (հաստ տակացույով):
Արշավային ձեռնափայտեր
Արշավային ձեռնափայտեր՝ կիսում են ոտքերի լարվածությունը՝ թեթևացնելով քայլքը:
Ճամբարի և գիշերակացի համար իրեր
Քնապարկ
Քնապարկ՝ ունենում են ջերմաստիճանի երեք ցուցանիշ՝ կոմֆորտ, մինիմում և էքստրեմալ: Կոմֆորտը ցույց է տալիս օդի այն ջերմաստիճանը, որի պայմաններում ամենանպատակահարմարն է տվյալ քնապարկը, իսկ էքստրիմը՝ նվազագույնը, որի դեպքում կյանքին լուրջ վտանգ չի սպառնա: Արարատի համար ընտրեք այնպիսի քնապարկ, որի կոմֆորտը լինի -5 ից -10։ Երկրորդ ճամբարում վրանի մեջ օդի ջերմաստիճանը կարող է հասնել 0 աստիճանի:
Հողաթափեր
Կեդեր, հողաթափեր կամ նմանատիպ թեթև ոտնաման ճամբարում ոտքերը հանգստացնելու համար:
Լրացուցիչ իրեր և էլեկտրոնիկա
Թերմոս (0,5 լիտր)
Գագաթի ճանապարհին ջուրը սառում է ջրամանի մեջ: Այդ իսկ պատճառով պարտադիր պետք է ունենալ թերմոս, որպեսզի ցուրտ ժամանակ տաք թեյ կամ գոլ ջուր խմեք:
Ճակատային լապտեր (մի քանի զույգ մատկոցներով)
Քանի որ վերելքը սկսում ենք գիշերը ժամը 1-ին պետք է պարտադիր ունենալ ճակատային լապտեր: Արշավից առաջ անպայման ստուգեք մարտկոցները: Վերջին օրը այն պետք է ծառայի 5 ժամ մինչև լուսաբաց:
Power bank առնվազն 10.000 միլիամպեր/ժամ ուժով
Արարատի վերելքը տևում է մի քանի օր: Նաև հաշվի առնելով լեռներում փոփոխվող եղանակային պայմանները՝ հեռախոսի լիցքավորումը կարող է ավելի արագ սպառվել: Անպայման ձեզ հետ power bank վերցրեք, առնվազն 10.000 միլիամպեր/ժամ ուժով, որպեսզի կարողանաք երկար օգտվել ձեր հեռախոսից:
Անհատական դեղատուփ
Դեղատուփի պարունակությանը ծանոթացեք այստեղ։ Հղումով բացվող նյութում փորձել ենք հավաքագրել բոլոր հիմնական դեղամիջոցներն ու իրերը, որ պարտադիր պետք է լինեն ձեր անհատական առաջին օգնության հավաքածուի մեջ:
Կարևո՛ր է․ հնարավոր է, որ ոմանք ունենան ալերգիա որոշ դեղամիջոցների կամ նյութերի հանդեպ: Այստեղ ներկայացված ցուցակը բացարձակ չէ: Համոզվե՛ք, որ չունեք ալերգիա որևէ դեղամիջոցից, մինչ այն ընդունելը, և ուրիշին դեղահաբ առաջարկելուց առաջ համոզվեք, որ նա նույնպես ալերգիկ չէ:
Այլ պարագաներ
- Ներքնազգեստ
- Հեռախոս
- Անձնագիր, դրամապանակ և այլ կարևոր փասթաթղթեր՝ այս ամենը կեղտոտվելուց կամ թրջվելուց ապահով պահելու համար կարելի է պահել պինդ զիպ փականով պատյանների մեջ
- Ֆոտոխցիկ
- Լողազգեստ
- Ուսապարկի պաշտպանիչ ծածկոց կամ պոլիէթիլենային տոպրակներ իրերի փաթեթավորման համար
- Անձնական հիգիենայի պարագաներ
- Ջրաման
- Հիգիենիկ շրթներկ
- Արևապաշտպան քսուք կամ սփրեյ առնվազն 50spf պաշտպանության մակարդակով
Արարատի վերելքի ընթացքում արևապաշտպան ու շուրթերը փափկացնող քսուկները պարտադիր են, քանի որ վերելքի մեծ մասն անցնելու է կիզիչ արևի տակ:
Վերելք Արարատ 2024
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: