Արարատի վերելքին անհրաժեշտ պարագաների ցանկ
Մասիս լեռան վերելքից առաջ, մասնակիցներին հուզող առաջնահերթ հարցերից է արշավային գույքի և հանդերձանքի ընտրությունը: Կիրառելով մեր տարիների փորձը լեռնագնացության մեջ՝ ստեղծել ենք Արարատի վերելքին անհրաժեշտ պարագաների ցանկ, որը կօգնի ձեզ հեշտ կողմնորոշվել պարագաների ընտրության հարցում: Ցանկը կազմված է հատուկ Արարատի վերելքի համար: Ի տարբերություն մյուս արշավների, այս արշավի ընթացքում ձեր ծանր իրերը տանելու են ձիերը: Ձեր ուսերին լինելու է միայն թեթև ուսապարկ:
Եկեք բաժանենք իրերի ամբողջ ցուցակը երեք մասի․
- հանդերձանք և հիմնական գույք
- ճամբարի և գիշերակացի համար անհրաժեշտ իրեր
- լրացուցիչ իրեր և էլեկտրոնիկա
Հանդերձանք և հիմնական գույք
Մեծ ուսապարկ կամ սպորտային պայուսակ (70-90 լ)
Մեծ ուսապարկի կամ սպորտային պայուսակի մեջ լինելու են այն իրերը, որոնք տեղափոխվելու են ձիերով:
Փոքր ուսապարկ (25-40 լ)
Փոքր ուսապարկը միշտ լինելու է ձեր ուսերին: Այստեղ պահվելու են ճամբարից ճամբար հասնելու համար ձեզ անհրաժեշտ իրերը՝ ջուր, քաղցրավենիք, անհատական դեղատուփ, բաճկոն և այլն:
Թերմոներքնազգեստ
Թերմոներքնազգեստի հավաքածուն հատուկ գերշնչող նյութերից պատրաստված շապիկ և տաբատ է, որը կրում են անմիջապես մարմնին: Այն լավ ներծծում է քրտինքը և արագ չորանում է: Արդյունքում մարմինը մնում է չոր և հետևաբար՝ ավելի տաք:
Ֆլիսե վերնազգեստ
Այս գործվածքը նաև անվանում են արհեստական բուրդ: Ֆլիսն առավել թեթև ու փափուկ է, քան բուրդը: Ի տարբերություն բրդյա շապիկի, ֆլիսե վերնազգեստն անգամ թրջվելուց հետո շարունակում է որոշ չափով տաք պահել մարմինը:
Տաբատ
Մինչև Մասիսի երկրորդ ճամբարը (4200 մ), կարող եք բարձրանալ ավելի բարակ տաբատով: Դեպի գագաթ վերելքի ժամանակ պետք է ունենաք ալպինիստական տաբատ կամ դահուկորդի համազգեստ: Այն պետք է լինի քամուց և ցրտից պաշտպանող, անջրաթափանց, տաք և մեմբրանե շերտով: Տաքացնող նյութը կարող է լինել բնական կամ սինթետիկ: Մեմբրանե շերտն էլ միաժամանակ անջրաթափանցիկ է և շնչող: Վերջինս ոչ պարտադիր, բայց ցանկալի պայման է:
Բաճկոն
Անհրաժեշտ է ունենալ 2 բաճկոն: Մեկը պետք է լինի թեթև և բարակ՝ քայլքի համար, մյուսը՝ ձմեռային բաճկոն, որը կպաշտպանի քամուց և ցածր ջերմաստիճանից: Բաճկոնը անպայման պետք է ունենա քամուց և անձրևից պաշտպանող գլխարկ:
Շապիկ
Անհրաժեշտ է ունենալ տարբեր հաստությունների մի քանի շապիկ։
Արևապաշտպան գլխարկ
Ձեզ հետ ունեցեք արևապաշտպան գլխարկ, որը կծածկի նաև պարանոցը՝ ինչպես պատկերված է նկարում:
Տաք գլխարկ
Ունեցեք ձմեռային 2 տաք գլխարկ:
Բաֆ (Buff)
Բաֆերը պաշտպանում են ինչպես քամուց ու փոշուց, այնպես էլ ձնից ու ցրտից: Քայլելու ընթացքում բաֆը պաշտպանում է պարանոցը և կանխում քամու ներթափանցումը: Ուժեղ քամու ժամանակ բաֆով ծածկում ենք նաև դեմքը:
Ձեռնոց
Ունեցեք 2 զույգ ֆլիսե ձեռնոցներ: Մեկ զույգը՝ մատներով, իսկ մյուսը՝ թաթման: Դահուկի ձեռնոց նույնպես կարելի է վերցնել: Կարևորը, որ արտաքինից ունենա ջրակայուն շերտ, իսկ ներսից՝ փափուկ և տաքացնող շերտ:
Արևային ակնոց
Ընտրեք տուրիստական կամ լեռնային Արևային ակնոց՝ առնվազն 3-րդ կարգի պաշտպանությամբ: Արևային ակնոցի ապակիներն ունեն դասակարգում: Առաջին և երկրորդ կարգերը նախատեսված են քաղաքի և թեթև զբոսանքների համար, և մեզ այս դեպքում անհրաժեշտ չեն: Երրորդ կարգը փոխանցում է արևի լույսի 8-18%-ը, 4-րդը՝ 3 – 8%-ը: Քանի որ ամռանն Արարատում ձյունը շատ չէ, ապա երրորդ կարգի ակնոցը լրիվ բավարար է:
Անձրևոց
Ճանապարհին կարող են լինել տեղումներ, ուստի չմոռանաք անձրևոցի մասին:
Գուլպա
Արշավային բրդյա գուլպաները լինում են կամ սինթետիկ կամ մերինոյի բրդից: Այս կենդանիների բուրդը թեթև է և շատ տաք, արագ կլանում է քրտինքը և չորանում: Այսպիսի գուլպաները ունենում են անատոմիական ձև և հաճախ անկար գործվածքով են: Ցանկալի է ունենալ մի քանի զույգ, տարբեր հաստության գուլպաներ:
Արշավային կոշիկներ
Արշավային կոշիկները պետք է լինեն հարմար, հաստ տակացուներով և չսեղմող: Սովորաբար արշավային կոշիկները ընտրում են այն հաշվարկով, որ այն կրեն հաստ գուլպայով, այսինքն՝ մեկ կամ երկու համար մեծ: Արշավից առաջ անպայման կրեք այն, որպեսզի այն ընդունի ձեր ոտքի ձևը: Արգելվում է նոր կոշիկներով սկսել վերելքը: Մենք խորհուրդ ենք տալիս գնել հատուկ լեռնագնացության համար նախատեսված «Zamberlan», «Lowa», «Scarpa», «Asolo», «LaSportiva» ապրանքանիշների կոշիկները: Դրանք նաև պետք է ունենան կատվիկներն ամրացնելու հնարավորություն:
Փոխնորդ կոշիկներ
Մասիսի վրա՝ մինչև երկրորդ ճամբարը (4200 մ), կարող եք հագնել ավելի թեթև կոշիկներ (հաստ տակացույով):
Արշավային ձեռնափայտեր
Արշավական ձեռնափայտերը կիսում են ոտքերի լարվածությունը՝ թեթևացնելով քայլքը: Ուշադրություն դարձրեք, որ ձեռնափայտերը նաև ունենան ձյան շերտի վրայով քայլելու ծայրային գլխիկներ:
Ճամբարի և գիշերակացի համար իրեր
Քնապարկ
Քնապարկերը ունենում են ջերմաստիճանի երեք ցուցիչ՝ «comfort», «minimum», «extreme»: «Comfort»-ը ցույց է տալիս օդի այն ջերմաստիճանը, որի պայմաններում առավել նպատակահարմարն է տվյալ քնապարկը: «Extreme»-ը ցույց է տալիս նվազագույն ջերմաստիճանը, որի դեպքում կյանքին լուրջ վտանգ չի սպառնա: Արարատի համար ընտրեք այնպիսի քնապարկ, որի «Comfort»-ը լինի -5 ից -10։ Երկրորդ ճամբարում վրանի մեջ օդի ջերմաստիճանը կարող է հասնել 0 աստիճանի:
Հողաթափեր
Հողաթափերը և նմանատիպ թեթև կոշիկները ճամբարում ոտքերը հանգստացնելու համար են:
Լրացուցիչ իրեր և էլեկտրոնիկա
Թերմոս (0,5 լիտր)
Գագաթի ճանապարհին ջուրը սովորական ջրամանի մեջ սառում է: Այդ պատճառով պարտադիր ունեցեք թերմոս, որպեսզի ցուրտ ժամանակ տաք թեյ կամ գոլ ջուր խմեք:
Ճակատային լապտեր (մի քանի զույգ մարկոցներով)
Քանի որ վերելքը սկսում ենք գիշերը ժամը 1-ին, պետք է պարտադիր ունենալ ճակատային լապտեր: Արշավից առաջ անպայման ստուգեք մարտկոցները: Վերջին օրը այն պետք է ծառայի 5 ժամ՝ մինչև լուսաբաց:
Լիցքավորիչ (Power bank)
Արարատի վերելքը տևում է մի քանի օր: Նաև հաշվի առնելով լեռներում փոփոխվող եղանակային պայմանները՝ հեռախոսի մարտկոցը կարող է ավելի արագ սպառվել: Անպայման ձեզ հետ ունեցեք լիցքավորիչ (pover bank) `առնվազն 10.000 միլիամպեր/ժամ ուժով, որպեսզի կարողանաք երկար օգտվել ձեր հեռախոսից:
Անհատական դեղատուփ
Դեղատուփի պարունակությանը կարող եք ծանոթանալ այստեղ։ Հղումով բացվող նյութում փորձել ենք հավաքագրել բոլոր հիմնական դեղամիջոցներն ու իրերը, որոնք պարտադիր պետք է լինեն ձեր անհատական դեղատուփում:
Պետք է հաշվի առնել, որ ցուցակում ներկայացված դեղերի ցանկը միանշանակ բոլորի համար չէ: Շատերը հնարավոր է ունենան ալերգիա որոշ դեղամիջոցներից կամ նյութերից: Վստահ եղեք, որ չունեք ալերգիա որևէ դեղամիջոցից, մինչ այն ընդունելը: Իսկ եթե ունեք, ապա ընտրեք տվյալ դեղահաբին փոխարինող այլընտրանքային տարբերակ: Ուրիշին դեղահաբ առաջարկելուց առաջ էլ համոզվեք, որ նա նույնպես ալերգիկ չէ:
Այլ պարագաներ
- Ներքնազգեստ
- Հեռախոս
- Անձնագիր, դրամապանակ և այլ կարևոր փասթաթղթեր: Այս ամենը կեղտոտվելուց կամ թրջվելուց ապահով պահելու նպատակով՝ կարելի է պահել պինդ, զիպ փականով պատյանների մեջ
- Ֆոտոխցիկ
- Լողազգեստ
- Ուսապարկի պաշտպանիչ ծածկոց և պոլիէթիլենային տոպրակներ
- Անձնական հիգիենայի պարագաներ
- Ջրաման
- Հիգիենիկ շրթներկ
- Արևապաշտպան քսուք՝ առնվազն 50spf պաշտպանության մակարդակով
Արարատի վերելքի ընթացքում արևապաշտպան և շուրթերը փափկացնող քսուքները պարտադիր են, քանի որ վերելքի մեծ մասն անցնելու է կիզիչ արևի տակ:
Վերելք Արարատ 2025
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: