Մոտ մեկ տարի շատ հագեցած արշավային կյանքով ապրելուց հետո Արարատը կարծես տրամաբանական շարունակություն լիներ: Բայց, անկեղծ ասած, մինչև վերջին պահը չէի հավատում, որ երբևէ կկարողանամ կանգնել Արարատի գագաթին։
Չեմ թաքցնի՝ անհանգիստ էի, չգիտեի ինչ սպասել: Նման բարձրության առաջին վերելքս էր, փորձում էի տրվել ընթացքին և վստահեցնել ինձ, որ ամեն ինչ կհաջողվի։ Իմ տագնապային սպասելիքների կողքին իրականությունն ավելի թեթև թվաց։
Հիշում եմ՝ որքան էին Արարատ բարձրացած ընկերներս պատմում Արարատ բարձրանալու դանդաղ տեմպի մասին, և ես պարզապես չէի հավատում դրան, մինչև ինքս չկանգնեցի Արարատի լանջին ու ուղեկցորդը տվեց վերելքի սկիզբը։ Տեմպն իսկապես շատ դանդաղ էր, բայց դրա կարևորությունը հասկացա միայն երկրորդ ճամբարից գագաթ բարձրանալու գիշերը։
Կարծես երբևէ Արարատ բարձրացած չլինեմ
Արարատ բարձրանալուց առաջ երբեք այն չէի դիտարկում որպես առանձին երևույթ… Դե, Արարատն է. կա ու կլինի, ի՞նչ մտածեմ։ Սակայն բարձրանալուց հետո այն ասես երազ լինի, մի այլ աշխարհից: Հիմա նայում եմ Արարատին, բայց միևնույն է չկա գիտակցում, որ ես այնտեղ եղել եմ։ Դա այս կյանքում չէր․․․ ես չէի․․․ երազ էր։
Արարատվածներ/Ամալյա Մելքոնյան
Արարատ բարձրանալիս ամենամեծ դժվարությունն արշավային ընկերոջս համոզելն էր, որ շարունակի վերելքը։ Չէի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ հիմա, երբ գագաթ հասնելուն ընդամենը մի քանի ժամ է մնացել, նա ստիպված է հետ իջնել։ Ես հավատում էի նրա ուժերին, մենք հավատում էինք, բայց վերջիվերջո, մեզնից յուրաքանչյուրն ունի իր ճանապարհը…
Տարբեր հույզեր Արարատի գագաթին
Գոհունակ էի՝ խումբը գագաթին էր, բոլորը լավ էին։ Հպարտ էի՝ կարողացա, խումբը կարողացավ։ Հանգստացած ու անհոգ էի։ Գլխումս մեկ միտք էր, որ օգնեց հաղթահարել դեպի գագաթ տանող դժվարությունները՝ դու ուժեղ ես, Ամալյա՛, դու շատ ուժեղ ես։
Ինքնաճանաչման վերելք
Որքան էլ տարօրինակ հնչի, Արարատի գագաթին կանգնելը առաջին հերթին ինձ համար թույլտվություն էր՝ ընդունելու, որ կարող եմ նաև թույլ լինել և երբեմն պետք է խոստովանեմ ինքն ինձ, որ թույլ եմ, ու դա նորմալ է։ Մյուս կողմից, Արարատը փորձեց իմ դիմացկունությունը, և ես պարզեցի, որ իմ պատկերացրածից ավելի ուժեղ եմ։ Պարզվեց, որ գրեթե անսահման ռեսուրսներ ունեմ՝ թե՛ իմ, թե՛ ինձ շրջապատող մարդկանց մասին հոգ տանելու համար։ Պարզ ու կարճ ասած՝ Արարատը տվեց ինքնավստահություն, համոզմունք, որ ես տարբեր եմ, և դա հիասքանչ է։
Արարատվածներ/Ամալյա Մելքոնյան
Նոր փորձություններ
Անհանգստություն, անորոշություն, վախ, վստահություն, սպասում, ցավ, գոհունակություն, զարմանք… Կարծում եմ՝ ինքդ քեզ փորձելը միշտ էլ նման խառը զգացողություններ է առաջացնում, և Արարատն էլ բացառություն չէր։ Սիրով կուզեի մի օր «քաղաքային» ընկերներիս ինձ հետ տանել դեպի Արարատ։
Արարատը բարձրացել եմ Գևի, հետո նոր խմբի հետ
Հասել էինք գագաթ, և ձեռքերս չէի զգում։ Կատվիկներից հետո չէի հասցրել երկրորդ շերտն էլ հագնել։ Նայեցի խմբի մասնակիցներին, որոնք նկարվում էին, հետո շրջվեցի, նստեցի, փորձեցի ձեռքերս տաքացնել և սկսեցի լացել։
Լացեցի, որովհետև կուտակվել էին տարբեր ապրումներ՝ պատասխանատվություն խմբի անդամների հանդեպ ու անճարություն՝ ձեռքերս տաքացնելու հարցում։ Այդ պահին Գևը մոտեցավ, գրկեց, շնորհավորեց ու ասաց, թե որքան ուրախ է, որ ես հասել եմ գագաթ։ Ես Արարատը բարձրացել եմ նախ Գևի, հետո նոր խմբի հետ։ Առանց Գև Արարատը չէր լինի։
Արարատվածներ/Ամալյա Մելքոնյան
Իմ կյանքը փոխվեց 5165-ով՝ դառնալով մի ամուր հիմնասյուն իմ մարդ տեսակի ձևավորման հարցում:
Ամալյա Մելքոնայն
Վերելք Արարատ
Առաջիկա արշավներ