ՀՀ հատուկ պահպանվող տարածքները
Բնության հատուկ պահպանվող տարածքները պետության կողմից բնության տարբեր տարածքներում որևէ տնտեսական գործունեության սահմանափակումը կամ առհասարակ արգելումն է օրենսդրությամբ, որն ուղղված է կենսաբազմազանությունը և էկոհամակարգերը պահպանելուն:
Բնության հատուկ պահպանվող տարածքների շնորհիվ ապահովվում են եզակի էկոհամակարգերի, հազվագյուտ, անհետացման եզրին գտնվող, էնդեմիկ, ռելիկտային տեսակների պահպանությունը և վերարտադրությունը բնական միջավայրում:
Բնության հատուկ պահպանվող տարածք կարող են լինել մակերեսային և ստորերկրյա ջրավազները, ընդերքի, բուսական և կենդանական աշխարհի առանձնացված տեղամասերը:
Հայաստանի Հանրապետությունում կա բնության հատուկ պահպանության 4 տեսակ՝
-
պետական արգելոցներ
-
ազգային պարկեր
-
պետական արգելավայրեր
-
բնության հուշարձաններ (կարդալ)
Արգելոց
Բնության կամ ջրային տարածքի հատուկ պահպանման տեղամաս, որն ունի գիտական, մշակութային, հողապաշտպան, ջրապաշտպան և պատմական նշանակություն։ Գիտա-հետազոտական հիմնարկ է, որի խնդիրն է պահպանել տվյալ շրջանին բնորոշ բուսական ու կենդանական աշխարհը, ընդերքի հարստությունները, բուծել ու բազմացնել հազվագյուտ ու անհետացող վայրի կենդանիներ ու թռչուններ, ուսումնասիրել բնության զարգացման օրինաչափությունները։
Ազգային պարկ
Բնության հատուկ պահպանվող տարածք, բևապահպանական, գիտահետազոտական պետական հիմնարկ, օրենքով սահմանված, առանձնացված գիտական, կրթական, բնապահպանական, պատմամշակութային, գեղագիտական, ռեկրեացիայի և այլ արժեքներ ներկայացնող տարածք, որը ստեղծվում է բնական պաշարների, լանդշաֆտների, բնության ու պատմամշակութային հուշարձանների պահպանության, հանգստի և ճանաչողական, զբոսաշրջության կազմակերպման ու տնտեսական գործունեության նպատակներով։
Արգելավայր
Բնության հատուկ պահպանվող տարածք, չափանմուշային, գիտական, կրթական, պատմամշակութային, տնտեսական արժեք ներկայացնող բնական էկոհամարգերի և դրանց բաղադրիչների՝ բույսերի ու կենդանիների տեսակների արդյունավետ պահպանությունը, նպատակային կայուն օգտագործումն ու բնական վերարտադրությունն ապահովող, օրենքով սահմանված, մշտապես կամ ժամանակավորապես առանձնացված տարածք։
Հայաստանի արգելոցները
Շիկահողի արգելոց
Հհիմնվել է 1958 թվականին։ Այն գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում` Խուստուփ լեռան հարավ արևելյան և Մեղրու լեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջերին` Ծավ և Շիկահող գետերի վերին ավազաններում, 700-2800 մ բարձրություններում։ Տարածքը կազմում է մոտ 10 330 հեկտար: Կազմավորվել է կաղնու, բոխու, հաճարենու, սովորական կենու, սոսու անտառների և կենդանիների պահպանության նպատակով։ Շատ են լեռնային գետակները և հանքային աղբյուրները:
Բուսական աշխարհը հարուստ է Կովկասյան տիպի խոնավասեր բույսերով, ջերմախոնավասեր ծառաթփային տեսակներով ու խոտաբույսերով։ Բազմաթիվ են էնդեմիկ տեսակները: Տարածքի մոտ 94 տոկոսն անտառապատ է։ Այնտեղ տարածված են արևելյան հաճարենին, արևելյան սոսին: Կան նաև վայրի պտղատու ծառատեսակներ` տանձենիներ, արևելյան խնձորենիներ, հունական վայրի ընկուզենիներ և այլն:
Արգելոցի տարածքում սողուններից հայտնի են գյուրզան, ջրային և սովորական լորտուները, դեղնափորիկը, հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժը։ Թռչուններից տարածված են վայրի հնդկահավը, քարարծիվը, սպիտակագլուխ անգղը, կաթնասուններից` գորշ գայլը, գորշ նապաստակը, լայնականջ ոզնին, երբեմն բեզոարյան այծը և հովազը: Կենդանիներից շատերը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:
Խոսրովի անտառ արգելոց
Խոսրովի անտառ արգելոցը գտնվում է Խոսրովի անտառի պատմական տարածքի վրա, որը Հայոց արքա Խոսրով Բ Կոտակի կողմից 4-րդ դարում հիմնադրված որսատեղ է։ Հետագայում՝ 1958 թվականին ձևավորվում է որպես արգելոց: Գտնվում է Արարատի մարզում՝ Գեղամա լեռնավահանի, Տասանորդի, Երանոսի լեռնաշղթաների, Իրից, Խոսրովասար լեռների լանջերին՝ Ազատ և Վեդի գետերի ավազաններում: Զբաղեցնում է 27,000 հեկտար տարածություն: Սկիզբ է առնում Արաքս գետի ափից, Դվինի մոտակայքում և ձգվում է մինչև Ազատ գետը:
Տարածված է անտառային, կիսաանապատային, լեռնաչորային և հատկապես միջերկրածովյան տիպի բուսականություն։ Տարածքի մոտ 64%-ը զբաղեցնում են լեռնաչորասեր բույսերը, 16%-ը՝ անտառները, 20%-ը՝ թփուտները։ Խոսրովի անտառ արգելոցի զարդը մնացուկային բազմապտուղ գիհու և խոշորառէջ կաղնու նոսրանտառներն են, որոնց ուղեկցում են սովորական և կլորատերև հացենին, սովորական արոսենին, թխկու և տանձենու տարբեր տեսակներ։ Շատ են գիհու և փռշնու, գիհու և արոսենու, գիհու և տանձենու խառը անտառակները:
Ջրավազաններում ապրող ձկներից հայտնի են կարմրախայտը, թռչուններից՝ քարակաքավը, սպիտակագլուխ անգղը, կաթնասուններից՝ վայրի ոչխարը՝ մուֆլոնը, բեզոարյան այծը, գորշ արջը, լայնականջ ոզնին, լուսանը, առաջավորասիական ընձառյուծը:
Էրեբունի արգելոց
Կազմավորվել է 1981-ին ՀՀ Կոտայքի մարզում ՝ Գեղադիր գյուղի մոտ՝ կիսաանապատային և լեռնատափաստանային գոտիների անցումային հատվածում՝ ծովի մակերևույթից 1300-1450 մ բարձրություններում՝ դաշտավլուկազգիների վայրի ազգակիցների (մասնավորապես վայրի ցորենների աշխարհում եզակի գենոֆոնդի) պահպանության նպատակով։ Այժմ արգելոցը զբաղեցնում է 120 հա տարածք։
Տարածքում հանդիպում են աշխարհում հայտնի վայրի ցորենի 4 տեսակից 3-ը (արարատյան, ուրարտու և միահատիկ)` ներտեսակային մեծ բազմազանությամբ (շուրջ 110 տարատեսակ):
Կենդանական աշխարհն ընդգրկում է երկկենցաղներ` կանաչ դոդոշ, լճագորտ, փոքրասիական ծառագորտ, սիրիական սխտորագորտ, սողուններ` անդրկովկասյան գյուրզա, ոսկեգույն տրախիլեպիս, սահնօձի տարբեր տեսակներ, միջերկրածովյան կրիա և այլն, թռչուններ` լորը, մոխրագույն կաքավը, տատրակը, բազեն, կաթնասուններ` աղվես, աքիս, կզաքիս, գայլ, գորշուկ, փորսուղ, բազմաթիվ կրծողներ և այլն:
Հայաստանի Ազգային պարկերը
Սևան ազգային պարկ
Գտնվում է ՀՀ Բնապահպանության նախարարության իրավասության ներքո։ Ստեղծվել է 1978 թ. մարտի 14-ին, ՀԿԿ Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի թիվ 125 որոշմամբ։
Պարկի ընդհանուր տարածքը՝ Սևանա լճի հայելու հետ միասին կազմում է 147.343 հա, իսկ առանց լճի հայելու՝ 22,585 հա։ Պահպանական գոտու տարածքը կազմում է 342.920 հա։
Սևան ազգային պարկի սահմաններում է գտնվում Հայկական լեռնաշխարհի խոշորագույն, բարձրադիր քաղցրահամ լիճը՝ Սևանը, որի ծավալը 33,2 կմ³ է, մակերեսը՝ 1238 կմ²: Լիճը Արտանիշի և Նորատուսի հրվանդանների միջև ձգված ստորջրյա պատնեշով՝ Շորժայի թմբով, բաժանվում է երկու մասի՝ հարավարևելյան կամ Մեծ Սևան (20.4 կմ³), հյուսիսարևելյան կամ Փոքր Սևան (12.8 կմ³)։ Լճի առավելագույն խորությունը 79.4 մ է (Փոքր Սևան), միջին խորությունը՝ 26.2 մ, ափի շրջագիծը մոտ 230 կմ։
Սևանա լիճ են թափվում 28 գետ և գետակներ, որոնցից 4–ը՝ Փոքր Սևան, 24–ը՝ Մեծ Սևան։
Լճից դուրս է գալիս մեկ գետ՝ Հրազդանը:
Սևան ազգային պարկի տարածքը բաժանվում է 4 տարածքագործառնական գոտիների՝ արգելոցներ, արգելավայրեր, ռեկրեացիոն և տնտեսական։ Պարկի տարածքում կան 4 արգելոցներ՝ «Նորաշենի», «Լիճք-Արգիչի», «Գիլլի» և «Արտանիշի», որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 7464 հա, որից ցամաքային տարածքը՝ 4289 հա, իսկ ջրայինը՝ 3175 հա, 2 արգելավայրեր՝ «Գավառագետի» և «Գիհի-կաղնուտային ռելիկտային», որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 2652 հա, որից ցամաքային տարածքը՝ 2359 հա, իսկ ջրայինը՝ 293 հա, 4753 հա ընդհանուր մակերեսով ռեկրեացիոն և 11266 հա ընդհանուր մակերեսով տնտեսական գոտի։
Արփի լճի ազգային պարկ
Ստեղծվել է 2009 թվականին։ Գտնվում է Շիրակի մարզում, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Եղնախաղի լեռնաշղթայի արևելյան և Ջավախքի լեռնաշղթայի հարավարևմտյան լանջերին: Ազգային պարկը զբաղեցնում է մոտ 25 000 հա տարածք:
Ազգային պարկը ստեղծվել է Ջավախք-Շիրակ բարձրավանդակի ուրույն կենսաբազմազանության պահպանման համար: Այստեղ է գտնվում հայկական որորի ամենամեծ գաղութն աշխարհում և գանգրափետուր հավալուսնի միակ բնակավայրը Հայաստանում:
Տարածքում կան մոտ 670 տեսակի բույսեր՝ (խոլորձ, թրաշուշան, հիրիկ, կակաչ, շուշան): Դրանցից 22-ը էնդեմիկ տեսակներ են: Պարկում կան կաթնասունների 30 տեսակ (եվրոպական ջրասամույր, խայտաքիս):
Արփի լճի ջրահավաք ավազանի մշակովի լանդշաֆտները կազմված են հիմնականում հացահատիկի և վուշի դաշտերից:
Արևիկ ազգային պարկ
Ստեղծվել է 2009 թվականին։ Գտնվում է Սյունիքի մարզում Զանգեզուրի լեռնաշղթայի Մեղրի լեռնաբազուկի հարավային լանջին, ինչպես նաև Աստղաձոր և Նյուվադի գետերի ջրհավաք ավազանում։ Մակերեսը կազմում է 34 402 հա: Պահպանության օբյեկտը Մեղրիի եզակի բուսական և կենդանական աշխարհն է:
Ազգային պարկի տարածքում առկա են ուղղաձիգ բնական գոտիներ և լանդշֆտների տարբեր տեսակներ՝ ալպյան մարգագետիններ, լեռնային տափաստաններ, անտառային զանգվածներ, կիսաանապատներ։ Ունի հարուստ կենսաբազմազանություն՝ առաջավորասիական ընձառյուծ, բեզոարյան այծ, հայկական մուֆլոն, միջերկրածովային կրիա, հայկական իժ, կովկասյան ջրասամույր, կասպիական հնդկահավ, կովկասյան մայրեհավ:
Բուսական աշխարհը նույնպես հարուստ է։ Կարմիր գրքում գրանցված տեսակներից հանդիպում են չորապտեր արծվապտերային, Գրիֆիթի հուդայածառ, վայրի ձմերուկ, անմեռուկ կլորատերև, կատվադաղձ լերդախոտատերև, թրաշուշան աղասեր, սագասոխուկ ցողունավոր, սարդակիր կովկասյան, խոլորձ Շելկոնովիկի:
Դիլիջան ազգային պարկ
Զբաղեցնում է Աղստև գետի վերին հոսանքի ավազանը՝ Բովաքարի արևելյան, Միափորիի հյուսիսարևմտյան և Արեգունի լեռնաշղթայի հյուսիսարևելյան լանջերը, մոտ 24000 հեկտար տարածություն։
Կազմակերպվել է 1958 թվականին՝ բուսական և կենդանական աշխարհի պահպանման, հարստացման և տեղական պայմաններում նոր տեսակների ստացման նպատակով։ Անտառներն առաջին կարգի են։ Ունեն հողապաշտպան, ջրակարգավորիչ, գիտական և տնտեսական նշանակություն։ Ազգային պարկի բուսաշխարհն ընդգրկում է 902 տեսակ ծաղկավոր բույսեր, որոնցից 40-ը՝ հազվագյուտ։ Հիմնական ծառատեսակներն են՝ հաճարենի, կաղնի, լորենի, հացենի: Դիլիջան ազգային պարկում են երրորդական դարաշրջանի մնացորդ՝ կարմրածառի (մահիկի) պուրակները, որոնցից Աղնաբաթինը (Գետիկի ավազան) ամենախոշորն է տարածաշրջանում: Դեղատուներից լայն տարածում ունեն սրոհունդի, դաղձի, ուրցի, ուրցադաղձի, սննդային բույսերից՝ ավելուկի, սիբեխի, բալդրղանի, կերային խոտաբույսերից՝ երեքնուկի, կորնգանի, գեղազարդային բույսերից՝ խոլորձի, հիրիկի բազմաթիվ տեսակներ։
Ազգային պարկն ունի հարուստ կենդանական աշխարհ։ Հանդիպում են գորշ արջ, այծյամ, գորշուկ, անտառային կատու, աղվես, լուսան,պարսկական սկյուռ, ինչպես նաև բազմաթիվ սողուններ ու երկկենցաղներ։ Կան նաև բազմաթիվ թռչուններ՝ կովկասյան ցախաքլոր, լեռնային հնդկահավ, գորշ կաքավ,անտառային կտցար, կեռնեխ և աղավնիներ։ Կլիմայավարժեցվում են ուսսուրական բծավոր եղջերուն, ազնվացեղ եղջերուն և վայրի խոզը։
Հայաստանի արգելավայրերը
Արագածի ալպիական արգելավայր
Պահպանվող օբյեկտներն են Քարի լիճն ու ալպիական բուսականությունը: Մակերեսը՝ 300 հա: Կազմավորվել է 1959 թվականին: Գտնվում է Արագածի հարավային լանջին:
Արզականի և Մեղրաձորի արգելավայր
Պահպանվող օբյեկտներն են այծյամը, գորշ արջը, վայրի խոզը, կովկասյան մարեհավը, աշլուսանը, ուլարը: Մակերեսը՝ 13532 հա: Ստեղծվել է 1971 թվականին: Գտնվում է Մարմարիկ և Գալարի գետերի ավազաններում:
Բողաքարի արգելավայր
Պահպանվող օբյեկտներն են Հայաստանի ֆլորային ու ֆաունային բնորոշ մի քանի ներկայացուցիչներ: Մակերեսը՝ 2728 հա: Ստեղծվել է 1989 թվականին: Տեղակայված է Հայաստանի հարավում՝ Զանգեզուրի լեռնաշղթայի հարավային լանջի:
Գանձաքարի (Վերին Աղդան) արգելավայր
Պահպանվող օբյեկտներն են՝ այծյամ, գորշ արջը, վայրի խոզ, կովկասյան մարեհավ: Մակերեսը՝ 6813 հա: Ստեղծվել է 1971 թվականին: Տեղակայված է Հայաստանի հյուսիսում՝ Աղստև գետի վտակ Ցայտաջուր գետի ավազանում:
Գետիկի արգելավայր
Պահպանվող օբյեկտներն են՝ այծյամ, գորշ արջը, վայրի խոզ, կովկասյան մարեհավ: Մակերեսը՝ 5718 հա: Ստեղծվել է 1971 թվականին: Տեղակայված է Հայաստանի արևելքում՝ Աղստև գետի վտակ Գետիկ գետի ավազանում:
Արջատխլենու արգելավայր
Պահպանվող օբյեկտներն են գիհիի և արջատխլենու մնացուկային պուրակները:Մակերեսը՝ 40 հա: Ստեղծվել է 1958 թվականին: Տեղակայված է Հայաստանի հյուսիսում՝ Խաչաղբյուր գետի ավազանում:
Բանքսի սոճու պուրակ
Պահպանվող օբյեկտներն են անտառատնակներն ու Բանքսու սոճուտը: Մակերեսը՝ 4 հա: Ստեղծվել է 1959 թվականին: Տեղակայված է Հայաստանի Մարմարիկ գետի ավազանում: Պահպանվող օբյեկտներն են անտառատնակներն ու Բանքսու սոճուտը:
Ախնաբադի կենու պուրակ
Պահպանման օբյեկտներն են կենու անտառակն ու կենդանիների համակեցությունը: Գտնվում է Գետիկ գետի ավազանում: Մակերեսը կազմում է 25 հա: Ստեղծվել է 1959 թվականին: Գտնվում է ծովի մակերևույթից 1400-1700 մ բարձրության վրա: Պահպանման օբյեկտներն են կենու անտառակն ու կենդանիների համակեցությունը:
Գիլան արգելավայր
Մակերեսը՝ 118 հա: Գտնվում է ՀՀ Արարատի մարզում, Ազատ գետի Միլի վտակի ափին: 2007 թվականին առանձնացվել է Խոսրովի արգելոցից:
Գիհու նոսրանտառային արգելավայր
Պահպանման օբյեկտներն են մնացուկային գիհու բազմապտուղ, գարշահոտ, կազակական, երկարատերև տեսակները: Կազմավորվել է 1958 թվականին, ունի 3312 հա տարածք։ Գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Արեգունու և Սևանի լեռնաշղթաների հարավային լանջերին:
Գյուլագարակի արգելավայր
Պահպանման օբյեկտներն են մնացուկային սոճու անտառները: Կազմավորվել է 1958-ին, ունի 2576 հա տարածք։ Գտնվում է ՀՀ Լոռու մարզում՝Գյուլագարակ գյուղի մոտ՝ Քարհանքջուր գետակի հովտում:
Գոռավանի ավազուտներ արգելավայր
Պահպանման օբյեկտներն են հազվագյուտ ավազուտային անապատը և դրան բնորոշ բույսերի ու կենդանիների (միջատների և սողունների) էնդեմիկ տեսակները: Կազմավորվել է 1959-ին, ունի 200 հա տարածք։ Գտնվում է ՀՀ Արարատի մարզում՝ Գոռավան գյուղի մոտ՝ Վեդի գետի միջին ավազանի ձախ մասում՝ Ուրծի լեռնաշղթայի նախալեռներում՝ Խոսրովի անտառ արգելոցի հարևանությամբ:
Գորիսի արգելավայր
Պահպանման օբյեկտներն են անտառային լանդշաֆտները և կենդանական աշխարհը (այծյամ, բծավոր եղջերու, գորշ արջ, կովկասյան մայրեհավ): Կազմավորվել է 1972-ին, ունի 1850 հա տարածք: Գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում՝ Որոտան գետի ավազանում:
Եղեգնաձորի արգելավայր
Պահպանման օբյեկտներն են անտառային լանդշաֆտները և հազվագյուտ կենդանիները: Կազմավորվել է 1971-ին, ունի 4200 հա տարածք։ Գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզում՝Եղեգիս գետի ավազանում:
Իջևանի արգելավայր
Պահպանման օբյեկտներն են անտառային լանդշաֆտները և կենդաանական աշխարհը (այծյամ, բծավոր եղջերու, գորշ արջ, կովկասյան մայրեհավ):
Կազմավորվել է 1971-ին, ունի 5908 հեկտար տարածք։ Գտնվում է Հայաստանի Տավուշի մարզում, Աղստև գետի ավազանում, Իջևանի լեռնաշղթայի լանջերին:
Հանքավանի ջրաբանական արգելավայր
Պահպանման օբյեկտներն են հանքային աղբյուրների («hանքավան» հանքային ջուր և այլ ջրային պաշարների) սնման ավազանները: Կազմավորվել է 1981-ին, ունի 9350 հա տարածք։ Գտնվում է ՀՀ Կոտայքի մարզում՝ Մարմարիկ գետի վերին ավազանում՝ Ծաղկունյաց լեռնաշղթայի լանջերին:
Մարգահովիտի արգելավայր
Պահպանման օբյեկտներն են խոնավասեր անտառները և դրանց բնորոշ կենդանական աշխարհը(այծյամ, գորշ արջ, կովկասյան մայրեհավ և այլն): Կազմավորվել է ՀՍՍՀ Մինիստրների Խորհրդի 1971 թ., ունի 3368 հեկտար տարածք, ՀՀ Լոռու մարզում՝ Աղստև գետի ավազանում՝ Մարգահովիտ գյուղից դեպի Փամբակի լեռնաշղթայի հյուսիսային լանջերին ընկած տարածքում: Գտնվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության գերատեսչական ենթակայության տակ:
Խոր Վիրապ արգելոց
Պահպանման օբյեկտներն են խոնավ էկոհամակարգերը: Կազմավորվել է 2007 թ., ունի 50.28 հա տարածք, գտնվում է ՀՀ Արարատի մարզ, Խոր Վիրապ եկեղեցական համալիրի հարևանությամբ:
Մրտավարդենու արգելավայր
Պահպանման օբյեկտներն են կովկասյան մրտավարդենու մնացուկային թփերը։ Կազմավորվել է 1959 թ., ունի 1000 հա տարածք։ Գտնվում է ՀՀ Լոռու մարզում՝ Փամբակի և Ծաղկունյաց լեռնաշղթաների հյուսիսային լանջերին՝ Աղստև գետի աջափնյակում Մարգահովիտ գյուղից հարավ: Մրտավարդը Հայաստանի ֆլորայի հազվագյուտ և գեղեցկագուն տեսակներից է։ Նրա մշտադալար, 20-25 սմ բարձրության թփերն ունեն գեղազարդ տեսք՝ կոշտ կաշեկերպ փայլուն տերևների և ողկույզանման ծաղկաբույլերում փունջ-փունջ աճած, սպիտակ կամ կրեմագույն ծաղիկների շնորհիվ։
Զանգեզուր արգելավայր
Պահպանման օբյեկտներն են մարգագետնատափաստանային, ենթալպյան և ալպյան էկոհամակարգերը: Կազմավորվել է 2009 թ., ունի 17 368.77 հա տարածք, գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի, Բարգուշատի լեռնաշղթայի հարավային և Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան լանջին:
Որդան կարմիր արգելավայր
Կազմավորվել է 1987-ին, ունի 200 հւմ)՝ ՀՀ Արմավիրի մարզում՝ Արարատյան դաշտում՝ Արգավանդ, Արազափ և Ալաշկերտ գյուղերի միջև:
Հերհերի նոսրանտառային արգելավայր
Պահպանման օբյեկտներն են մնացուկային գիհու նոսրանտառները: Կազմավորվել է 1958-ին (տաիածքը՝ 6139 հւմ)՝ ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արփա գետի աջափնյա վտակ Հերհեր գետի ավազանում:
Ջերմուկի անտառային արգելավայր
Պահպանման օբյեկտներն են խոշորառէջ կաղնու լեռնային անտառները և հազվագյուտ կենդանիները (բեզոարյան այծ, գորշ արջ): Գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Արփա գետի վերին ավազանում:
Սոսու պուրակ արգելավայր
Պահպանման օբյեկտներն են արևելյան սոսու բնական պուրակը (միակը՝ Կովկասում):Կազմավորվել է 1958 թվականին, ունի 64 հւմ)՝ ՀՀ Սյունիքի մարզում՝ Ծավ և Շիկահողգետերի ափին՝ Շիկահողի արգելոցի հարևանությամբ:
Ջերմուկի ջրաբանական արգելավայր
Պահպանման օբյեկտներն են հանքային ջրերի տաք աղբյուրների (Ջերմուկ հանքային ջուր) սնման ավազանները: Կազմավորվել է 1981-ին, ունի 18000 հա մակերես՝ ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արփա գետի վերին ավազանում:
Սև լիճ արգելավայր
Պահպանման օբյեկտներն է Սև լճի բնական էկոհամակարգը։ Կազմավորվել է 2001 թվականին՝ համանուն արգելոցի (1987) հիման վրա, ունի 240 հա մակերես՝ ՀՀ Սյունիքի մարզում՝ Մեծ Իշխանասար լեռնագագաթի արևելյան լանջին:
Նմանատիպ հոդվածներ՝